Մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարները շատ լավ պատկերացնում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջվանից, համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից գրավված, համարվում են իրենց ԶՈՒ-ի վերահսկողության տակ, բայց մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։

«Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել եւ նման լուրերը չտարածել»,- ասաց նա։

 

Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։

«Այս մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված են դիմացի պաշտպանությունն ու զգայունությունը թուլացնելուն։ Խնդրում եմ չտրվել նման գործողությունների ազդեցությանը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։