Վարկային համաձայնագրով Ռուսաաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձայնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նահապետյանը:
Նա հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի պատասխանատուները ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հիմա ակտիվ աշխատանքներ են տանում՝ վարկային համաձայնագրով նախատեսված գործողությունները սահմանված ժամկետներում իրականացնելու համար: «Համաձայնագրով որոշակի ժամկետներ և գործողություններ կան նախատեսված: Ես չեմ կարող կոնկրետ օր ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի զենքը, ուղղակի պետք է վստահ լինենք, որ համաձայնագրով նախատեսված գործողությունները կողմերը կիրականացնեն սահմանված ժամկետներում»,- ընդգծեց Նահապետյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակում է այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները: Նահապետյանը վստահեցրեց, որ նման որևէ սահմանափակում չկա, և Հայաստանն ազատ է ցանկացած այլ երկրի հետ իրականացնել ռազմատեխնիկական սերտ համագործակցություն, եթե պայմանները կլինեն նպաստավոր: Նրա խոսքով՝ ՌԴ-ից Հայաստանը զենքը ձեռք է բերում արտոնյալ պայմաններով, և դա է պատճառը, որ այդ ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը սերտ համագործակցում են: