ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։ Գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի շարք բժշկական հաստատություններում իրենց հետազոտությունների արդյունքներն ու վստահեցրել, որ հայ բուժաշխատողները կատարել են անհրաժեշտ բոլոր միջամտությունները զինծառայողների վերականգնողական բուժման համար։

 

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։

 

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժիշկներին հայ գործընկերների կողքին լինելու և լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու համար։

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ զինծառայողների բուժման կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։