Համացանցում և տարբեր սոցկայքերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Տեսանյութում ուշագրավն այն է, որ զինվորները շարք կանգնած՝ հերթով վերցնում են պոլիէթիլենային տոպրակը, որը տալիս է Արմենչիկը և հավանաբար զորամասի հրամանատարական կազմի անդամներից մի քանիսը։ Տեսանյութը համացանցում մեծ դժգոհության ալիք բարձրացրեց։

 

Քննադատողների հիմնական փաստարկն այն է, որ երգիչն իր փիառի համար նսեմացրել է զինվորներին։ Սակայն, առավել մեծ քննադատության են արժանացել տվյալ զորամասի հրամանատարական անձնակազմը, որը թույլատրել է նման ձևով օգնություն տալ զինվորներին, քանի որ առանց հրամկազմի հրամանի, ոչ մի զինվոր չէր շարվի ինչ-որ տոպրակ ստանալու համար։ 

 

Այս առնչությամբ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտեն՝ որ զորամասում է այն տեղի ունեցել և պետք է ուսումնասիրեն դեպքը՝ մանրամասները պարզելու համար։ Մեր հարցին՝ Պաշտպանության նախարարությունն իմացե՞լ է նման օգնության մասին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս օրերին հազարավոր մարդիկ են նմանատիպ օգնություններ կատարում։

 

Հավելենք, որ համաձայն տեսանյութում եղած գրության՝ Արմենչիկի այս միջոցառումը եղել է ԼՂՀ-ի Քարվաճառի զորամասերից մեկում, սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Նշենք, որ Արմենչիկի պաշտոնական էջում մի քանի տեսանյութ կա հրապարակված, որտեղ նախ ներկայացված է Ղարաբաղ մեկնելու, զինվորների համար պատրաստված նվերների փաթեթավորման գործընթացը, ապա զորամասում զինվորների հետ երգուպարը։