Ընդամենը 2 օր առաջ էր, երբ ԵԱՀԿ դիտորդներն Արցախի ու Ադրբեջանի սահմանին հերթական դիտարկումն անցկացրեցին, և այդ դիտարկումից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական անգամ խախատեց հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհվեց մեր 20-ամյա զինվորը: Այսինքն՝ Ադրբեջանը փաստացի թքած ունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա էլ, դիտորդների վրա ու ընդհանրապես ԵԱՀԿ-ի ու բանակցային գործընթացի վրա էլ, Ադրբեջանը վաղուց դուրս է եկել բանակցային գործընթացից, իսկ մենք դեռ հավատարիմ մնում ենք ու հանուն այդ «հավատարմության» ձգձգում ենք Արցախի անկախությունը ճանաչելու գործընթացը:

 

Բայց եկեք մտածենք՝ ու՞մ ենք մենք հավատարիմ. մի կառույցի, որի ընտրած ձևաչափը չի տալիս և չի տալու արցախյան հարցի լուծում, և դա արդեն բազմիցս ապացուցվել է: Մենք հավատարիմ ենք մի կառույցի, որն ընդունակ է միայն անմեղսունակ ու անբովանդակ հայտարարություններ անելու՝ հավասարության նշաններով, և այդ հայտարարությունների արդյունքում երբևէ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու: Մենք հավատարիմ ենք մի կառույցի, որին երևի թե միայն մենք ենք հավատարիմ, որովհետև այդ կառույցը չունի վարկանիշ, նրան «բանի» տեղ դնող չկա, նրա հայտարարությունները արհամարհված են թեկուզ Ադրբեջանի կողմից: Եթե ԵԱՀԿ-ն գոնե մի աննշան վարկանիշ ու կշիռ ունենար, ապա ադրբեջանցիները կրակ չէին բացի մեր դիրքերի ուղղությամբ ԵԱՀկ դիտորդների հեռանալուց անմիջապես հետո:

 

Բայց մենք, միևնույն է, ձգձգում ենք Արցախի անկախության ճանաչումը, որպեսզի հանկարծ ԵԱՀԿ-ն չնեղանա: Երևի ամբողջ աշխարհում միայն մենք ենք, ում մտահոգում է ԵԱՀԿ-ի նեղանալ-չնեղանալը:

 

Կարեն Վարդանյան