Մայիսի 13-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինի' Հայաստան կատարած այցի շրջանակներում այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նրան ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը և օրակարգի քննարկվելիք հարցերը, ինչպես նաև բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղիները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գեներալ-մայոր Յուրի Դաշկինին մաղթել են հաջողություն պատասխանատու ծառայողական գործունեության ընթացքում: