Այսօր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի ակցիա-երթ իրականացրեց նախագահական առանձնատան մոտ, որն անցավ առանց որևէ լուրջ միջադեպի: Ակցիայի մասնակիցները շարժվեցին Ազատության հրապարակ՝ այնտեղ երթն ավարտելու: Ազատության հրապարակում, սակայն, միջադեպ գրանցվեց, որը չվրիպեց ոչ ոքի աչքից: «Հոնդայի» մակնիշի 34 NL 804 պետհամարանիշի մեքենայի վարորդին թվում էր, թե ինքն արտոնյալ է այս քաղաքում և ցանկացած տեղով կարող է երթևեկել: Այն էլ, Ազատության հրապարակով, որտեղ երեխաներ են խաղում, վազվզում: Բնականաբար, ոստիկանության աշխատակիցները մոտեցան «վարորդ» կոչեցյալին, զգուշացրին, որ կոպիտ խախտում է անում: Մեքենայի ղեկին երիտասարդ կին կամ միգուցե աղջիկ էր, ով սկսեց զանգեր անել, որպեսզի իրեն «փրկեն» ստեղծված իրավիճակից: «Մի հատ պատասխանեք՝ ասում ա»: Աննկարագրելի տհաճ տոնով հեռախոսը մեկնեց ոստիկանին, ով հրաժարվեց պատասխանելուց: Մինչ ճանապարհային ոստիկանը կժամաներ՝ ակտ կազմելու, հերոսուհին սկսեց իրեն ոչ ադեկվատ դրսևորել և վիճել հավաքվածների հետ, թե ինչու եք նկարում:
Երբ ինձ հարցրեց՝ ի՞նչն եմ նկարում, բնականաբար, պատասխանը եղավ՝ «այն, ինչ կատարվում է», որից հետո «լրագրող ա էսի» ասելով՝ փակեց մեքենայի պատուհանը: Սակայն, այսքանով հիշյալ իգական սեռի լպիրշ պահվածքը չավարտվեց: Պատուհանը փոքր ինչ իջեցրած, վերջինս սկսեց հայհոյել, վիրավորանքներ հասցնել ինձ՝ իմ մասնագիտական պարտականությունները կատարելու համար:
«Ավելի կարևոր բաներ կան անելու»: Այսպես փորձեց ինձ «ամոթանք» տալ այդ վարորդը, ով հենց նույն պահին կարևոր բանով էր զբաղված՝ վտանգել մարդկանց կյանքը, աննորմալ ձևով մեքենան վարել մարդաշատ վայրում, որտեղ խստիվ արգելված է այդ մեքենա վարելը: Միգուցե իրավախախտում անելն ավելի կարևոր էր անձնավորության համար, քանի որ, եթե մարդ զուրկ է տարրական վարքականոններից, նրա համար ամենակարևոր բանը կարող էր լինել հենց դա: Ցավալին այն է, որ նրա նմանները շատ են այսօր Հայաստանում, և յուրաքանչյուրը, ով զարտուղի ճանապարհներով հարստացել և շքեղ մեքենա է գնել, իրեն համարում է արտոնյալ խավ: Ո՛չ, հարգելիս: Ստիպված եմ քեզ հիասթափեցնել, քեզ նման ճղճիմ էակները, ովքեր մարդկանց վիրավորելու և պիտակավորելու համար պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի, արտոնյալ չեք: Գրագիտությունից և տարրական հարգանքից զուրկ մարդիկ, ինչպիսիք այս հերոսուհին է, տեղ չունեն այն հասարակության մեջ, որը նորմալ և գրագետ մարդիկ ցանկանում են կառուցել: Վերջում հավելենք, որ հիշյալ «կին վարորդի» հերոսությունները չավարտվեցին զուտ վիրավորանքներով ինձ՝ լրագրողիս նկատմամբ: Վերջինս մեքենան աննորմալ և անադեկվատ վարելով՝ դիտավորյալ հարվածեց և գնաց՝ ավելի հեռու վայրում կայանելու և ակտավորման պրոցեսին հետևելու:
Ք. Ա.