Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սուսաննա Պապոյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, պատվիրել և Արմեն Պապոյանին ու Ավետիս Խաչատրյանին դրդել է կազմակերպել Լուսինե ու Հրանտ Բաբայանների սպանությունը, ինչպես նաև ուղղակի դիտավորությամբ կատարել է սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ:
Վերոնշյալ գործողությունները, ըստ մեղադրական եզրակացության, արտահայտվել են նրանում, որ Ս. Պապոյանը հանգուցյալ եղբայր Ազատ Պապոյանի կնոջ' Լուսինե Բաբայանի և վերջինիս հոր' Հրանտ Բաբայանի նկատմամբ ունեցած գույքային պարտավորությունները չկատարելու և նյութական ծախսերից ազատվելու, այն է' վերջիններիս կողմից ներկայացված քաղաքացիական հայցի շուրջ 27 000 000 դրամը չվճարելու նպատակով, որոշել է սպանել նրանց:
Համաձայն քր. գործ նյութերի, Ս. Պապոյանը հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, իր ազգական Արմեն Պապոյանին և վերջինիս ընկեր Ավետիս Խաչատրյանին պատվիրել է կազմակերպել Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությունները' դրա դիմաց խոստանալով վճարել 10 000 ԱՄՆ դոլար:
Ստանալով Ա. Պապոյանի և Ա. Խաչատրյանի կողմից սպանությունները կազմակերպելու համաձայնությունը, Ս. Պապոյանը կատարել է նաև Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությանը նպատակաուղղված նախապատրաստական գործողություններ' Ա. Պապոյանին և Ա. Խաչատրյանին մատնանշելով նրանց բնակության վայրերը, նաև հայտնել բնակարանների գտնվելու հարկերը և Ա. Պապոյանի հետ քննարկել սպանելու եղանակները: Սակայն, ինչպես պարզվել է նախաքննությամբ, Ս. Պապոյանն իրենից անկախ հանգամանքների հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Ա. Պապոյանը հետագայում հրաժարվել է հանցագործության կատարումից և 2015թ. հունվարի 22-ին հաղորդում է տվել նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ:
Վերը նշված արարքների համար Սուսաննա Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-104-րդ հոդվածի (սպանության կազմակերպման հանցափորձը) և 35-104-րդ հոդվածի (սպանության նախապատրաստությունը) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: