chessfed.am ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում՝ 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ:

Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը խաղատախտակի առջև կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:

Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: