Մարտի 18-ին տեղի ունեցավ «Միասին» ՀԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը: Բացումն ուղեկցվեց Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ, որին ներկա էին գործընկեր կազմակերպություններ, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ, Արարատի քաղաքապետը, համայնքապետեր, Արարատի բժշկական կենտրոնի տնօրենը և այլ հյուրեր:
Կազմակերպության նախագահ Տիգրան Շիրինյանը շնորհակալագրեր հանձնեց «Սկարպ», «Հույսի Կամուրջ», հասարակական կազմակերպությունների նախագահներին, «Առաքելություն Արևելք» Մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին կազմակերպության ստեղծման և աջակցման համար:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց «Սկարպ» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մկրտչյանին և «Միասին» ՀԿ-ի շահերի պաշտպան Ֆենյա Մուսիկյանին:
Կազմակերպության բացմանը զուգահեռ կազմակերպվել է Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
«Միասին» Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը
ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրում պաշտոնապես գրանցվել և իրավաբանական անձի կարգիվիճակ է ստացել 2013 թվականի Հուլիսի 19-ին, սակայն իր բնականոն գործունեությունը սկսել է այս տարվա հունվարից:
Կազմակերպությունը ստեղծվել է «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակներում, որին աջակցում են այս ոլորտին իրենց հավատարմությամբ և բազմամյա փորձով ապացուցած երևանյան կազմակերպություններ, որոնք են «Սկարպ», «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը:
Կազմակերպության առաքելությունն է՝ պաշտպանել Արարատի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը հասարակական և մշակութային կյանքին՝ իրազեկմամբ, դասընթացների կազմակերպմամբ, մատչելի միջավայրի ստեղծմամբ, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, գործընկեր կազմակերպությունների և մարզում գործող հասարակական կազմակերպությունների, կրթական, սոցիալական, մշակութային և առողջապահական կառույցների ղեկավար մարմինների հետ: