Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 26 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն, Նորք Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ: Դիմելով նորակոչիկներին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը նշել է. «Այսօր մենք տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը: Վստահ եմ՝ համալրելով մեր ազգային բանակի շարքերը, ձեր տոկունությամբ և ոգով բարձր եք պահելու ազգային բանակի դիմագիծը: Ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու կարևորագույն դպրոց է: Խաղաղություն և բարի ծառայություն եմ ձեզ մաղթում»:
Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքն ու օրհնանքն է հղել նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիս Դանիելյանը, որին հաջորդել է միասնական տերունական աղոթքը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացել են նվերներ: