Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է:
Վերահսկիչ պալատը շարունակում է ստուգումներ կատարել սոցիալական ոլորտում, որի արդյունքում Արագածոտնի ու Կոտայքի մարզերում հայտնաբերվել է 571 խախտում, ինչն էլ կազմում է 105 միլիոն 599 հազար դրամ:
«Ստուգողների հետ քննարկումների արդյունքում մեր տվյալները հաստատվել են: Կառավարությունը մինչ այս քննարկումն արդեն իսկ արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտնոններից հեռացվել են գրասենյակների ղեկավարներ, հարուցված են քրեական գործեր, իսկ գումարներն ամբողջությամբ վերականգնված են կամ կա ժամանակացույց դրանք վերականգնելու ուղղությամբ»,- մանրամասնեց Զաքարյանը:
Անդրադառնալով առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ Իշխան Զաքարյանն ասաց, որ ստուգվել է ՀՀ ներմուծվող դեղերի գների և ներմուծման օրինականությանն ու արդյունավետությանը վերաբերվող հարցեր: Ըստ նրա՝ դեռևս լուծված չէ «Գլիմեպիրիդ» և «Մեթֆորմին» շաքարային դիաբետի դեղերի անմիջապես արտադրողից ուղղակի եղանակով գնման հարցը: Այդ կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Գլիմեպիրիդ/մետֆորմին» և «Մետֆորմին հիդրոքլորիդ» դեղերը եվրոպական արտադրողից ուղղակի եղանակով ձեռք բերելու նպատակով: