Փաստաբան Կարեն Կիրակոսյանը շուրջ 5 տարի ոստիկանության նախկին ՔԳՎ-ում, իսկ հետագայում՝ Քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործի շրջանակներում բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որի նախաքննությունը, ըստ փաստաբանի, կատարվում է ո՛չ օբյեկտիվ, ո՛չ լրիվ ու ո՛չ բազմակողմանի:
Այս գործը բանկի գումարների հափշտակության, կանխամտածված սնանկության, լիազորությունների չարաշահմամբ՝ բանկին ու այլ անձանց վնաս պատճառելու, քաղաքացի Արայիկ Սարգսյանին խաբեությամբ գույքային վնաս պատճառելու ու հարկերից խուսափելու մասին է, որը գործնականում քննվում է որպես խարդախության վերաբերյալ գործ ու 5-րդ տարին է՝ քննիչները հանգում են հետևության, որ խարդախություն տեղի չի ունեցել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տուժող Արայիկ Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. ըստ նրա՝ ինքը ցանկացել է իր ունեցած հողատարածքները վաճառքի հանել: Հանդիպել է ոմն Սարգիս Կարապետյանի հետ, ով առավել հայտնի է Կադաստրի Սաքո մականվամբ (ի պաշտոնե եղել է Էրեբունու կադաստրի նախկին պետ) նրան խոստացել է հողատարածքը գրավ դնել «Արցախբանկ»-ում և հողատարածքի համար վճարել իրական արժեքից քառակի շատ՝ մոտ 400.000 դոլար:
«Հողատարածքը գրավադրելուց հետո Սարգիս Կարապետյանը սկսում է խուսափել ինձանից, գնում եմ բանկ ու պարզում, որ 1.080.000 ԱՄՆ դոլար Սարգիս Կարապետյանն ու «Արցախբանկ»-ի «Նաիրի» մասնաճյուղի կառավարիչ Զ.Ավետիքյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Արծրուն Թորոսյանի փեսան է) արդեն ստացել են, բայց ինձ հետ լրիվ ուրիշ խոսակցություն են տարել: Ընկա պատմությունների մեջ՝ Զորիկ, ի՞նչ եղավ, Սարգիս, ի՞նչ եղավ, էսօր-վաղը գցեցին, շատ մարդիկ խառնվեցին: Կարգավորելու նպատակով հաջորդող լիազորագիր տվեցի, որպեսզի իմ փողը տային, այդ ժամանակ ինձ 40.000 դոլար տվեց Զորիկը, որպեսզի չբողոքեմ: Հաջորդող գրավը ձևակերպեցինք, ու նրանք նորից կորան: Հետո ճշտեցի, որ իրենք 500.000 էլ էին հանել, բայց իմ տարածքները ես վաճառքի էի հանել ընդամենը 390.000 դոլարով: Իմ տարածքներով իրենք բանկից 1.510.000 դոլար փող են հանել:
Ըստ տուժողի՝ «Ակցեռն» գործակալության կողմից իր գույքը գնահատվել է իրական ամենաբարձր գնից էլ անհամեմատ բարձր՝ մոտ 2 միլիոն դոլար, որը, ըստ նրա, անհնար էր և իր գույքը չէր կարող այդքան արժենալ:
«Երկրորդ անգամ ևս խաբվեցի, կանչեցին ինձ, ասեցին՝ վարկ ենք ձևակերպում, տունդ դիր գրավ, այդ վարկը մենք կփակենք, վարկ ձևակերպեցին, տունս գրավ դրեցի, այդ վարկն էլ վրաս թողեցին, էսօր էլ տունս տանում են՝ աճուրդով վաճառեն»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ քննիչները մատը մատին չեն տալիս, հարցումներ է ուղարկում, միջնորդություններ է ուղարկում, բայց մեկ բառով մերժում է ստանում՝ անհիմն է:
Փաստաբան Կարեն Կիրակոսյանն իր բողոքում դժգոհություն է հայտնել Քննչական կոմիտեի ՀԿԳ ԳՎ գործելակերպից և խնդրում է սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարել ՀՀ ցանկացած այլ նախաքննական մարմնի կամ ՔԿ այլ ստորաբաժանման:
Նելլի Ավետիսյան