Կառավարության անունից արտահերթ ելույթով քիչ առաջ Ազգային ժողովում ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքային և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: Նա անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2015թ. հաշվետվությանը:

 

Նշենք, որ այս ոլորտը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նշած այն երեք ոլորտներից մեկն է, որում առկա են մտահոգիչ բացթողումներ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախարարի խոսքով՝ սոցիալական ոլորտը վերջին 4-5 տարվա ընթացքում եղել է ՎՊ-ի կողմից իրականացվող վերահսկողության ծրագրերում: 

 

Արձանագրեց, որ այս ընթացքում բավականին արդյունավետ համագործակցություն են ունեցել,  քանի որ երբ խոսում են վերահսկողության կամ աուդիտի մասին, պետք է նկատի ունենան արդյունքի վրա հիմնված վերահսկողությունը կամ աուդիտը:

 

«Ժամանակին կենսաթոշակային ոլորտում եղած խնդիրներին տրվել են համակարգային լուծումներ`ստեղծելով նոր կենտրոնացված տեղեկատվական համակարգ, ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որն այլևս հասցրել է նվազագույնի պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը: Այսօր մենք այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք նաև մյուս ծրագրերով:

 

Արտեմ Ասատրյաննն ասաց, որ հաշվի առնելով այդ փորձը՝ այս ընթացքում նույն ձևաչափի ներքո ստեղծել են դրամական վճարների 3 ծրագրերի համար տեղեկատվական շտեմարաններ, այդ շտեմարանները նույնպես ինքնաշխատ են, ինչը նվազագույնի է հասցնում ռիսկերը, ինչպես նաև ապահովում է, որպեսզի քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի արդյունավետ ու որակյալ լինեն: