Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը, ինչպես արդեն հայտնի է, հայտարարել է իր պաշտոնաթողության և քաղաքականությունից հեռանալու մասին: Վարչապետ Բենիամին Նաթանյահուի առաջարկությամբ նրան փոխարինելու է գալիս ռուսախոս իսրայելացիների «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար, իր հակահայ քաղաքականությամբ և Իլհամ Ալիևի վարչակազմի հետ շատ սերտ կապերով հայտնի Ավիգդոր Լիբերմանը: Նաթանյահուն հենց նրան է առաջարկել պաշտպանության և աբսորբցիայի նախարարների պաշտոններն ընդլայնվող (կառավարական) կոալիցիայում:

 

 

Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվում հրճվանք է առաջացրել Ադրբեջանի մեծ բարեկամ Լիբերմանի' Իսրայելի ՊՆ ղեկավար դառնալու փաստը: Ադրբեջանի ԶԼՄ-ները չեն թաքցնում իրենց գոհունակությունը, որ Ադրբեջանին 4,5 միլիարդ դոլարի զենք վաճառած հրեական պետության պաշտպանության նախարար է դառնում Երուսաղեմում իրենց մարդը:

 

 

Իսրայելի արտգործնախարար լինելու շրջանում Լիբերմանը պաշտպանել է Ադրբեջանի կառավարությանը պատկանող ընկերությունների շահերը: 2016թ. փետրվարին Կնեսետում տեղի ունեցած սկանդալի ժամանակ, Գագիկ Համբարյանի փոխանցմամբ, այս մասին ասել է «Մերեց» կուսակցության առաջնորդ Զաավա Գալիոնը, որը նաև հայտարարել է, որ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ներկայացուցիչները Ադրբեջանի կառավարության լրտեսներն են, որից արտոնություններ են ստանում:

 

 

Կասկած չկա, որ հիշյալ պաշտոնում Լիբերմանի նշանակմամբ Իսրայելի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն էլ ավելի է խորանալու' ՀՀ-ի և Արցախի համար ձեռք բերելով առավել վտանգավոր բնույթ:

 

 

Ադրբեջանին Իսրայելի վաճառած արդիական և գերժամանակակից զենքերի խնդիրը մի թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք առանձին: Իսկ այս առումով ինչպիսի՞ն է եղել Իսրայելի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:
Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պատասխանելով հարցին' ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել գնել իսրայելական զենքեր, ասել է, որ դրանում անհրաժեշտություն չի եղել:

 

 

Ի՞նչ է նշանակում, թե մենք իսրայելական զենքերը գնելու անհրաժեշտություն չենք ունեցել, սա ի՞նչ անհեթեթ պատասխան է: Միայն սա արդեն թույլ է տալիս, մեղմ ասած, կասկածել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի' նույն խոսքից առաջ արած այն հայտարարության ճշմարտացիությանը, թե Իսրայելը Հայաստանին առաջարկել է այն զենքերը, որոնք հիմա վաճառում է Ադրբեջանին, սակայն մենք հրաժարվել ենք գնել դրանք, քանի որ այդ զենքերը ձեռք բերելու անհրաժեշտություն չի եղել: Եթե նույնիսկ առաջարկել էլ է, ապա հաստատապես այնպիսի բարձր գներով, որ Հայաստանն ի վիճակի չլինի գնել դրանք:

 


Նկատի ունենանք, որ խոսքը վերաբերվում է ոչ միայն հետախուզական անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), այլև հարվածային ԱԹՍ-ներին, որոնցից Հայաստանը չունի, ինչպես նաև Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններից անմիջապես առաջ' մարտի 31-ին, Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրված լազերային նշանառության հակատանկային հրթիռներին: Ցանկացած երկրի բանակ, որը չունի այդ ԱԹՍ-ներից, հակատանկային հրթիռներից կամ դրանց համարժեքներից, երազում է ձեռք բերել դրանք, մինչդեռ, ըստ Դ. Տոնոյանի, մենք դրանք ձեռք բերելու անհրաժեշտություն չենք ունեցել:

 

 

Ադրբեջանը, մեր զինված ուժերի հրապարակած տեղեկատվության համաձայն, հայկական կողմի 14 տանկ է շարքից հանել (Իսրայելի վաճառած այդ հրթիռներո՞վ, թե մինչ այդ իր ունեցածով, կամ քանի՞սը դրանով, քանի՞սը մինչ այդ ունեցածով, դրանք ո՞ր երկրի կամ երկրների արտադրության են եղել' առայժմ չի հայտնվում): Տանկի անձնակազմը երեք հոգի է, այսինքն' մեր ամեն տանկում երեք հոգի է եղել, ապա բազմապատկեք' 42 հայ զինծառայող… Նրանցից քանի՞սն են զոհվել, քանիսը վիրավորվել կամ անվնաս մնացել' դարձյալ չի հայտնվում: Լավ, դա հասկացանք, բայց նախարարի տեղակալը որ խոսում է այդ զենքերի' Իսրայելի կողմից իբր մեզ առաջարկված լինելու ու մեր չգնելու մասին, մտածո՞ւմ է, թե ինչ է խոսում… Իսկ գուցե նպատակն այն է, որ հայ ժողովուրդն Իսրայելի և հրեաների նկատմամբ չունենա՞ այն վերաբերմունքը, ինչ ունի Իսրայելի շա՜տ սերտ դաշնակից Ադրբեջանի և ադրբեջանցիների, Թուրքիայի և թուրքերի նկատմամբ:

 

 

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կիրառած իսրայելական հարվածային անօդաչու սարքերին, որոնցից մեկով ապրիլի 4-ին հրթիռակոծվեց Սիսիանի ջոկատի ավտոբուսը' պատճառելով 6 թե 7 զոհ, ապա Դավիթ Տոնոյանն այդ առնչությամբ ասել է, որ նռնականետով էլ կարելի է խոցել քաղաքացիական ավտոբուսը, և այդ նպատակի համար մի քանի հարյուր հազար դոլար արժողության հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք բերելը նպատակահարմար չէ: Նախարարի առաջին տեղակալն այս կերպ փորձել է արդարացնել, թե ինչու մինչև հիմա մեզ զենք ու ռազմական տեխնիկա վաճառելու «պատրաստակամ» Իսրայելից չենք գնել նշված սարքերից' միտումնավոր անտեսելով, որ նռնականետով զինված ադրբեջանցի զինվորը չէր կարող հասնել Ադրբեջանի ԶՈւ խոցած մեր այդ ավտոբուսին, իսկ հրթիռով զինված և ԼՂՀ ՊԲ ՀՕՊ-ի ստորաբաժանումների կողմից խիստ դժվար նկատելի անօդաչու թռչող սարքը կարող էր:

 

 

Այդպիսի մի սարք էլ ապրիլի 7-ին հասել էր Ստեփանակերտի օդային տարածք' ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ու մյուսներին հասկացնելով, որ իրենք իրենց աշխատասենյակներում չեն կարող ապահով և հանգիստ լինել: ԱԹՍ-ն թեև այս անգամ վերջին պահին խփվեց, բայց մյուս անգամ կարող է ժամանակին չնկատվել ու չխփվել, այսինքն' կատարել իր սև գործը, ինչպես Սիսիանի ավտոբուսի պարագայում, որի զոհված ուղևորներից երկուսն իրենց գլխի գալիքի մասին բոլորովին պատկերացում չունեցող գյուղապետեր էին:

 

 

Արթուր Հովհաննիսյան