Մայիսի 23-ի երեկոյան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Ավարայրից դեպի Արցախ» համերգային ծրագիրը:

 

 

Երեկոյի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր սիրված երգիչ երգչուհիների կատարմամբ: Միջոցառման հիմքում ընկած էր Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանի «Ի՞նչ էր Ավարայրը» ֆիլմը, այն զուգակցված էր մեր օրերի Արցախի հետ և համեմատությունն էր անցկացնում մեր այս երկու հերոսամարտերի միջև: Դրանցից երկուսում էլ հայ ազգը հաղթանակ է տարել՝ Ավարայրում բարոյական, իսկ Արցախում՝ իրական:

 

 

Յուրաքանչյուր ազգի հարատևելու նախապայմաններից մեկն ազգային հիշողությունն է, և այս միջոցառմամբ փորձ արվեց թարմացնել այն և բարձրացնել երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին:

 

 

Հանդիսատեսը լցված էր հպարտության, բայց միևնույն ժամանակ ափսոսանքի զգացումով, այն զինվորների համար, ովքեր ընկել էին մարտի դաշտում: Շատերն անգամ չկարողացան արցունքները զսպել, երբ էկրանին հայտնվեցին Արցախում զոհված հերոսների լուսանկարները, բայց կուլմինացիան ավելի սրտառուչ էր. դահլիճում էր այդ օրերին Արցախում վիրավորում ստացած զինվոր Տիգրան Հարությունյանը, ում հանդիսատեսը հոտնկայս ողջունեց: 

Նշենք, որ ծրագիրը կազմակերպվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի սոցիալ-մշակութային գործունեության կառավարում (մենեջմենթ) բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համատեղ ջանքերի շնորհիվ:

 

 

Հանդիսատեսին իրենց կատարումներով ողջունեցին Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Աղասի Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը և այլք: