Մայիսի 26-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության ղեկավար կազմի հանդիպումը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կարաևը, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Եռլան Թուրգումբաևը, Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովը, Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի տեղակալ-պետական քարտուղար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական Իգոր Զուբովը, Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Աբդուռահմոն Ալամշոզոդան:
Քննարկվեցին հանցավորության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության, ներքին գործերի մարմինների համար կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցության մեխանիզմի հանձնարարականների մշակման, հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների պատրաստականության բարձրացման հարցեր:
Միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը ՀԱՊԿ ձևաչափով հակազդելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում ընդգծվեց, որ անհրաժեշտ է միավորել ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր կարողությունները և կատարելագործել համագործակցությունը ահաբեկչության, թմրասպառնալիքների, կազմակերպված հանցավորության, հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարում:
Քննարկման արդյունքներն ամփոփվեցին կառուցողական հանդիպման ավարտին ստորագրված արձանագրությամբ: