Օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:
Ոստիկանության պետը ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաև կադրերի վերապատրաստման և ծառայությունների տեխնիկական հագեցման ոլորտը, իսկ այդ բնագավառում արդեն մեկ տասնամյակ տևող համագործակցությունը Հնդկաստանի գործընկերների հետ արդեն որոշակի արդյունքներ է տվել:
Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր, և հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ուսուցման ու բնագավառի մասնագետների վերապատրաստման ոլորտում, շարունակվելու և ընդլայնվելու է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: