Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպեց Երևան-Գյումրի ռետրո ավտոմեքենաների շքերթ: Գյումրեցիները հնարավորություն ստացան ոչ միայն լուսանկարվելու, այլ նաև տեղեկություններ ստանալու ռետրո մեքենաների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստ անի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը, ֆեդերացիան գրանցել է 104 մենքենա՝ տարբեր երկրների ու տարբեր մակնիշների: «Անշուշտ, հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներ են, բայց կան նաև ամերիկյան, գերմանական, իտալական, նույնիսկ ունենք ավստրալական մեքենա, որն աշխատող ամենահին մեքենան է՝ 1936 թվականի արտադրության: Նմանատիպ ցուցադրությունների ու շքերթների մեր ֆեդերացիայի անդամները հաճույքով են մասնակցում: Այս անգամ որոշվեց գալ Գյումրի՝ այս գեղեցիկ ցուցադրությամբ ուրախացնելու նաև գյումրեցիներին»,- նշեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ նմանատիպ ցուցադրություն-շքերթներ կկազմակերպվեն նաև հանրապետության այլ քաղաքներում:

 

Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ ֆեդերացիան բաց է, և ցանկացած մարդ, ով ունի ռետրո մեքենա և այդ մեքենա իր համար հոբբի է համարում, կարող է անդամակցել ֆեդերացիային և ոչ միայն մասնակցել նմանատիպ շքերթներին ու ցուցադրություններին, այլ նաև սպորտային միջոցառումներին:

 

Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան (ՀԱՖ) ստեղծվել է 1993 թվականին:
1996-ին, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) հերթական համագումարում ՀԱՖ-ը դարձել է ֆեդերացիայի լիիրավ անդամ: 2006 թվականի մարտից ՀԱՖ-ն ընդգրկվել է «ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի» կազմում:


Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին:


Ֆեդերացիայի հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում ՝ միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:

 

Արմենուհի Մխոյան