Սահմանադրական բարեփումների հայեցակարգի նախագծի հերթական հանրային քննարկումն անցկացվեց հուլիսի 17-ին, Շիրակի մարզպետարանում: Նախագիծը հասարակական, պետական, ՏԻՄ և ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրեցին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

 

Հանդիպման ընթացքում Գագիկ Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց հայեցակարգի դրույթները և բարեփոխումների կարևորությունը՝ ներկայացնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու փորձն աշխարհի տարբեր երկրներում: Քննարկման ընթացքում Հրայր Թովմասյանը ևս ներկայացրեց իր տեսակետը և մոտեցումը՝ փաստաթղթի վերաբերյալ:

 

Զուգահեռներ անցկացնելով ներկայիս և նախկին՝ 1995 թվականի Սահմանադրության միջև՝ նա նշեց, որ նախկինը իշխանակենտրոն էր: Եվ չնայած որ 2005 թվականին որոշակի փոփոխություններ ընդգրկվեցին ներկայիս սահմանադրության մեջ, այնուամեն այնիվ, խնդիրներ և բացեր դեռ կան, որից էլ բխում է նոր բարեփոխումների անհրաժեշտությունը:

 

«Ամենահիմնական խնդիրը, որ մեզ չհաջողվեց լուծել 2005 թ.-ին, համակարգային անցում կատարելն էր իշխանակենտրոն սահմանադրական մոդելից՝ անձնակենտրոն սահմանդրական մոդելի: Մենք Սահմանդրության 3-րդ հոդվածում ամրագրեցինք, որ մարդն է առանցքը, մարդու իրավունքներն են անմիջական գործող իրավունքները, բայց, քանի որ դա մնաց զուտ որպես ցանկություն և սահմանադրական անհրաժեշտ մեխանիզմներ չմշակվեցին, հետագայում օրենսդրորեն չամրագրվեցին դրանց ապահովվման երաշխիքները, մենք այսօր չենք կարող ասել, թե իրավունքն այսօր գործող է, և որևէ մեկը զգում է, որ իրավունքով իշխանությունը սահմանափակված է:

 

Ցավոք, իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, և հաճախ դա հասնում է կամայականության: Այս վիճակն այսօր պահանջում է գլխավոր սկզբունքային լուծում՝ իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքներով, իրավունքերը պետք է անմիջական գործեն, անմիջական գործող իրավունքները պետք է դատական համարժեք պաշտպանվածություն ունենան: Եվ պետք է ամրագրենք, որ չի կարող լինել իրավական պետություն, առանց ժողովրդավարության»,- նշեց Գագիկ Հարությունյանը:

 

Բանախոսներն ընգծեցին, որ առաջարկվող բարեփոխումները միտված են կարգավորելու անհատ-պետություն հարաբերությունները: «Երկրում կան խնդիրներ: Նոր և ամենալավ սահմանդրությամբ այդ բոլոր խնդիրները չեն լուծվի, բայց այդ խնդիրների լուծման ճանապարհը, կամ ճանապարհի մեծ մասն անցնում է սահմանադրական փոփոխություններով:

 

Եթե սահմանադրությանը նայենք ոչ որպես իրավական փաստաթուղթ, ապա այդ փաստաթղթի հերոսը պետք է լինի ոչ թե հանրապետության Նախագահը, վարչապետը, մարզպետը, կամ ԱԺ-ն, այլ սովորական մարդը: Գլխավոր նպատակը պետք է լինի մարդը: Մեր Սահմանադրու թյունը բոլոր առումներով խնդիրներ ունի: Երբեք չթերագնահատելով ունեցած Սահմանադրությունը՝ պետք բարեփոխենք այն»,- նշեց Հրայր Թովմասյանը:

 

Վերջում Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին դատական համակարգին, տարածքային կառավարման և ինքնակառավարման սահմանադրական տարանջատումներին, խորհրդարական կառավարման ձևի անցմանը և այլն:

 

Նմանատիպ քննարկումներ կանցկացվեն հանրապետության տարբեր մարզերում, նաև' միջազգային փորձագետների հետ: Քննարկումներից, հայեցակարգային նախագիծը սրբագրելուց հետո, այն կներկայացվի ՀՀ Նախագահին և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Եթե հայեցակարգը հավանության արժանանա ՀՀ Նախագահի կողմից, փաթեթը պետք է պատրաստ լինի 10 ամսվա ընթացքում:

 

ՀՀ Նախագահի կողմից ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որի առաքելությունը՝ երկրում սահմանադրական զարգացումների ընթացքի և վիճակի մասնագիտական գնահատումն է, ինչպես նաև սահմանադրական հնարավոր բարեխումների հայեցակարգի մշակումը՝ հայեցակարգ, որը հետագայում կարող է դառնալ քաղաքական քննարկումների առարկա:

 

Արմենուհի Մխոյան