Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, ով հեռացվել էր ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին քննադատելու համար, դիմել է դատարան՝ հեռացման որոշումը բողոքարկելու պահանջով։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։
«Նաիրա Զոհրաբյանը կազմակերպեց և ինձ հեռացրեց կուսակցությունից։ Հիմա ես դիմել եմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելու կուսակցությունից հեռացվելու որոշումն անվավեր ճանաչելու և ինձ կուսակցության շարքերում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջով»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ինքը վճռական է տրամադրված իր խախտված իրավունքների պաշտպանության հարցում, քանի որ դրված է իր՝ ոչ միայն կուսակցականի, այլև առաջին հերթին որպես քաղաքացու պատվի ու արժանապատվության խնդիրը։ «Ես արկածախնդրությամբ երբեք չեմ զբաղվել։ Եթե համոզված չլինեի իմ հայցապահանջի հիմնավորվածության մեջ, ոչ մի դեպքում չէի դիմի դատարան։ Վստահ եմ, որ որոշումը եղել է ապօրինի։ Ես իմ փաստարկներն ու հիմնավորումները ներկայացրել եմ հայցադիմումում, դատարանում ունեմ նաև այլ ասելիք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով դատարանի կողմից սպասվող որոշմանը, Պետրոսյանն ասաց՝ դժվարանում է ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի․ «ՀՀ Սահմանադրության համաձայն, արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։ Ես իրավունք չունեմ դատարանի ապագա որոշման վերաբերյալ դիրքորոշումը հայտնել։ Պարզապես, որպես փորձառու իրավաբան, որպես հայցադիմումի հեղինակ, վստահ եմ իմ փաստարկների հիմնավորվածության մեջ և կարծում եմ՝ դատարանն իր բարձրության վրա կգտնվի ու կկայացնի վճիռ, որը բխում է գործի իրական հանգամանքներից։ Ես օգտագործելու եմ բոլոր օրինական ճանապարհները՝ իմ իրավունքները պաշտպանելու նպատակով»։
Գևորգ Պետրոսյանը հարկ համարեց շեշտել, որ ամբողջ դատական պրոցեսի ընթացքում ինքը կպահպանի հրապարակայնության սկզբունքը․ «Իմ՝ դատարան դիմելու նպատակներից մեկն էլ այն է, որ հասնենք նրան, որ Հայաստանում այլևս չկրկնվի դեպք, երբ ներկուսակցական քննադատական խոսքն ավարտվի կարծիքի ազատությունը խեղդելով։ Ես իմ մասնավոր խնդրով ուզում եմ լուծել հանրային խնդիր, որ կուսակցություններն իրենց կանոնադրությունների մեջ ձևականորեն չհռչակեն բազմակարծությունը, այլ իրականում հարգեն կուսակցականների կարծիքը, առավել ևս, երբ այդ կարծիքներն ուղղված են ոչ թե կուսակցության, այլ կուսակցությունն ապաշնորհ ձևով ղեկավարողի դեմ»։
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նա հարցազրույցներից մեկում քննադատել էր Նաիրա Զոհրաբյանի վարած անհասկանալի քաղաքականությունը։