«Մարդկանց 70 %-ը Հայայստանում վստահում է Եվրամիությանը: Սա զարմանալի թիվ է, եթե համեմատելու լինենք այն Հայաստանի այլ գործընկերների ձեռքբերած թվերի հետ: 2017թ. Եվրամիության նկատմամբ վստահությունն աճել է 5 %-ով: Ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ նկատմամբ վստահությունն անկում է ապրել։ Հայերի 80 %-ը զգում է, որ ԵՄ հետ հարաբերությունները լավ են, 69 %-ը գնահատում է ֆինանսական աջակցությունը, որը տրամադրում է ԵՄ-ն, իսկ հայերի 66 %-ը հավատում է, որ աջակցությունը արդյունավետ է։ Սա նոր աշխատանքի ճանաչման գնահատականն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա նշեց՝ հարցումը կատարվում է յուրաքանչյուր տարի, այն անցկացվել է 1000 մարդու շրջանում։ Նույն հարցումը, Պյոտր Սվիտալսկու խոսքով, անցկացվել է նաև Վրաստանում և Ադրբեջանում. «Հայաստանը շատ լավ է ներկայացնում այլ երկրների ֆոնին»։

 

Դեսպանի խոսքով՝ իրենց գործունեությունը միտված է առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կյանքը հեշտացնելուն, ու քանի դեռ մարդիկ վստահում են իրենց՝ իրենք կշարունակեն աշխատել։ 

Դեսպան Սվիտալսկին ասաց, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը կիրարկման փուլում է, իսկ ԵՄ անդամ պետություններում փաստաթուղթը վավերացնելու գործընթացը, նրա խոսքով, լավ ընթացքի մեջ է։

«Երկրների թիվը, որոնք վավերացրել են համաձայնագիրը կայուն կերպով մեծանում է, ԵՄ-ն քվեարկել է ի նպաստ»,-նշեց դեսպանը։

Անդրադառնալով Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցությանը, Սվիտալսկին նշեց. «Մենք շատ բաց ենք լսելու այն  ակնկալիքները, որոնք ունի Հայաստանի կառավարությունը: Ես հանդիպել և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նախարարների հետ, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տալիս եմ հարց՝ ինչպե՞ս կարող ենք օգնել, ի՞նչ եք ակնկալում մեզնից: Մենք վճռական ենք տրամադրված, կցանկանյինք լսել մեր հայ ընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձևով Եվրամիությունը կարող է օգտակար լինել: Մի շարք նախարարներից մենք ստացել ենք որոշակի գաղափարներ, և երբ ունենանք համապարփակ պատկեր՝ կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել»,- ասաց նա: 

 

Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրենցից ակնկալում է ինստիտուցիոնալ, տեխնիկսկան և ֆինանսական աջակցություն, սակայն որպեսզի առաջ շարժվեն՝ անհրաժեշտ է լսել կոնկրետ գաղափարներ: 

«Եվրամիությունը կառուցողական է տրամադրված: Նախարարների մեծ մասը նոր են կառավարական աշխատանքում և սա հաշվի առնելով, մենք հասկանում ենք, որ նրանց ժամանակ է անհրաժեշտ»,- նկատեց ԵՄ պատվիրակության ղեկավար: