Եվրամիությունը երկու միլիոն եվրո է հատկացրել ՀՀ Արդարատատության նախարարությանը էլ-կառավարման ներդրման և զարգացման համար: Այս մասին այսօր Էլ «Կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» խորագիրը կրող շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին: «Յուրաքանչյուր մարդ, ով կարիք ունի, օրինակ, ապոստիլ ստանալու կամ նոտարական ծառայություններից օգտվելու, այսուհետ կզգա՝ ինչ լավ միջոց է էլեկտրոնային ապոստիլը կան նոտարական ծառայությունների մատուցումը: Նույնը կարող եմ ասել նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am էլեկտրոնային համակարգի մասին»,-շնորհանդեսի բացման խոսքում ասաց դեսպանը:
Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպանը հատկապես էլ-կառավարման ներդրումը կարևորեց Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի համատեքստում՝ նշելով. «Այս ներդրումներն օգտագործվում են հատկապես ընդդեմ կոռուպցիայի և չարաշահումների: Մյուս կողմից, ԵՄ համար այս ծրագիրը կարևոր է նրանով, որ դրանց շնորհիվ այստեղ ներդրվում է աշխարհի լավագույն փորձը և ժամանակակից կառավարումը, և սա ՀՀ համար մեծ առաջընթաց է, որը մեզ իրական հույս է տալիս, որ Հայաստանը կարող է առաջ ընկնել աշխարհի այլ երկրներից»:
Դեսպանը նաև հավելեց, որ թեև Եվրամիությունը ՀՀ արդարադատության համակարգում էլ-կառավարման համակարգերի ներդրման համար ծախսել է 2 միլիոն եվրո, սակայն պլանավորում է Հայաստանում նման համակարգերի ներդրման համար ծախսել ևս 20 միլիոն եվրո. «Մենք կարևոր հանձնառություն ենք ստանձնել, որ շարունակենք համագործակցությունը ՀՀ հետ և պատրաստ ենք ծախսել ևս 20 միլիոն եվրո, որպեսզի կարողանանք ներդնել նոր էլեմենտները, օրինակ, առողջապահության ոլորտում»,-ընդգծեց դեսպանը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ՀՀ արդարադատության նախարարություն համագործակցության շնորհիվ Հայաստանում ներդրվել են էլեկտրական կառավարման e-draft.am, e-noteri և e-apostille.am համակարգերը, որոնք նպատակ ունեն մատուցել առցանց ծառայություններ՝ զերծ մնալով մարդակային շփումից, լրացուցիչ քաշքշուկներից և կոռուպցիոն ռիսկերից:
Աղավնի Սուքիասյան