Հարավային Կովկասում կայունության ապահովումը կողմերի պատասխանատվության ենթակա հարց է, նրանք են պատասխանատու տարածաշրջանում այդ կայունության եւ խաղաղության հաստատման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Լոնդոնի «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը: Անդրադառնալով ղարաբաղյան հարցում միջազգային հանրության դերին՝ նա նշեց, որ հարցը որոշ առումով անտեսված է եղել:
«Միջազգային հանրության կողմից ինչ-որ տեղ նկատվել է անտեսվածություն այս հարցի վերաբերյալ. այն կարծես սովորել է մտածել, որ այդ սառեցված կոնֆլիկտներին շատ ուշադրություն չեն դարձնում: Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է կայուն կերպով ուշադրություն դարձնի այս հարցին, և իրոք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համագործակցում են, միասին են աշխատում այս ուղղությամբ, որոշակի արդյունքներ ենք տեսնում»,- ասաց նա:
Նա հաստակեցրեց, որ անտեսվածության է մատնված եղել, մասնավորապես, հրադադարի պահպանմանն ուղղված մշտադիտարկման մանդատը: «Գիտենք, որ շփման գծում դիտորդները 6-ն են, եւ ես կարծում եմ, որ կա հստակ հակասություն այդ մանդատի եւ վերջին երկու տարիներին ցուցաբերված բռնության մասշտաբների միջեւ: Խրախուսելի է, որ մենք տեսնում ենք այդ մանդատն ընդլայնելու պատրաստակամություն հատկապես երկու երկրների հանդիպումից հետո, չնայած այդ հանդիպման ժամանակ եւս եղան որոշակի հակասական հայտարարություններ: Ամեն դեպքում չեմ կարծում, որ ունենք շատ լավատես լինելու ո րեւէ պատճառ, սակայն սա է այսօրվա օրակարգը»,- նշեց բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիրը: