Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը պարտվողական է և թույլ, իսկ ներքաղաքական կյանքը թուրքական իշխանությունների համար դարձել է ծանր բեռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Թուրքիայից ժամանած' Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, Գարո Փայլանի կուսակցական ընկեր Նազմի Գյուրն ու Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ Ուֆուկ Ուրասը: «Այս զարգացումները բնական են, քանի որ թուրք հասարակությունն այլևս այն չէ, ինչ առաջ, և մեր կողքին նստած հյուրերը դրա վառ ապացույցն են»,- կարծում է հայ պատգամավորը: Թուրքիայի ներկայիս քաղաքական զարգացումների և Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման որոշմանն անդրադառնալիս նա կարևորեց այն փաստը, որ Գերմանիան ընդունել է մեղքի իր բաժինը:

 

 

Նազմի Գյուրը, ով Հայաստանում առաջին անգամ է, նշեց, որ Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա ազդում են տարբեր գործոներ՝ և ներքին, և արտաքին: Առաջին հերթին նա առանձնացրեց պատերազմը Սիրիայում, ինչպես նաև փախստակաների խնդիրը. բացի այդ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ տարածաշրջանում պատերազմական գործողություններ են տեղի ունենում: «Թուրքիայի ներքին քաղաքական մթնոլորտը մշտապես լարված է և բախումների մեջ»,- ասաց ԺԴԿ փոխնախագահը:

 

 

Ուրասն իր հերթին նշեց, որ առաջին անգամ Հայաստան այցելել է անցած տարի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: «Այսօր նկատել եմ, որ Թուրքիայում ԶԼՄ-ների արձագանքը տեղի ունեցածի վերաբերյալ խիստ բացասական է եղել: Սակայն Բունդեսթագի ընդունած բանաձևը քննադատում է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ քաղաքական ռեժիմը, հետևաբար ուղղված չէ ազգի դեմ»,- հավելեց Ուրասը: Նրա խոսքով՝ ժամանակն է հասկանալ, որ Հայոց ցեղասանությունը սովորական իրադարձություն չէ, ինչպես դա որակել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ուրասն այն կարծիքին է, որ Գերմանիայի կողմից ընդունած որոշումը կարող է արագացնել Թուրքիայի առերեսման գործընթացը: Նա նաև հույս հայտնեց, որ Էրդողան-Պուտին հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը:

 

 

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյափոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:

 

 

Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև' Հայաստանի ևԹուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին' նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: