Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք ընդգծված ռիսկահարույց միտումներ ունեն: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, գնալով վա-բանկ, որոշել են անթաքույց փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ շրջելով այն դեպի արևմուտք: Եվ անում են դա, բնականաբար, հայ ժողովրդի կենսական շահերի և ՀՀ անվտանգության հաշվին: Խոսենք փաստերով:

Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող և Հայաստանի սահմանների  մեծ մասի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հանդեպ դաշնակցային հարաբերություններին հարվածող  քայլերը իշխող քաղաքական թիմի կողմից սովորական երևույթ են դարձել՝ սկսած ՌԴ նախագահին օդանավակայանում չդիմավորելուց և այդ մասին ընտանեկան թերթերով գլուխ գովելուց, մինչև ամենաբարձր մակարդակով ՌԴ-ին բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելն ու ռուսական հարթակում անցկացվող կարևորագույն միջոցառումները բոյկոտելը։ Փաշինյանն ու թիմակիցները այնքան են տարվել արևմուտքի հետ սիրախաղով և սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով, որ կարծես չեն էլ գիտակցում՝  հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, ՌԴ հետ կապերի խզումը կատաստրոֆիկ հետևանքներ է առաջացնելու հայաստանյան տնտեսության համար՝ հարվածի տակ է հայտնվելու հատկապես էներգետիկ ոլորտը , ինչն էլ հանգեցնելու է գազի և էլենտրաէներգիայի գնի կտրուկ աճի: Հայաստանը հայտնվելու է անվտանգային լրջագույն խնդիրների առջև, քանի որ հավատալով արևմուտքի կողմից աջակցության ամորֆ խոստումներին և դուրս գալով ՀԱՊԿ-ից՝  մնալու է օդում կախված կարգավիճակով․ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ում Հայաստանին որևէ մեկը գրկաբաց չի սպասում և այս կառույցին անդամակցելու գործընթացը տեսանելի ապագայում իրականություն չի դառնալու: Բացի այդ, պետք է նշենք, որ ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք այլ ազդեցիկ պետություններին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն ավելի կարևոր է հաշվի առնելով աճող էներգետիկ կախվածությունը Բաքվից, իսկ Հայաստանի շահերը նրանց համար երրորդական, եթե չասենք՝ տասներորդական նշանակություն ունեն; Դրանից էլ, բնականաբար, օգտվելու են ՀՀ թշնամիները, որոնք չեն թաքցնում մեր սուվերեն տարածքների հանդեպ ունեցած նկրտումները: 

Անկախությունից ի վեր Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններով աչքի ընկած, իսկ հետպատերազմյան շրջանում Սյունիքի անվտանգության դե-ֆակտո երաշխավորներից մեկը դարձած Իրանի Իսլամական Հանրապետության հետ ևս նման դրվագները քիչ չեն եղել։ Բավական է հիշել իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ Իրանին ավտորիտար որակելը, կամ 44-օրյա պատերազմից օրեր առաջ Իսրայելում դեսպանատուն բացելը և Իրանի կողմից թշնամի համարվող արևմուտքի հետ սիրախաղը: 

 

Մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք ի թիվս այլ բազմաթիվ խնդիրների, այս իշխանությունները  Հայաստանը մտցրել  են գեոպոլիտիկ վայրիվերումների հորձանուտ՝ աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում, երբ ամեն պահի կարող է բռնկվել լոկալ կամ ռեգիոնալ պատերազմ, Հայաստանը դաշնակից չունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի, այլընտրանքային կամ ինչպես ընդունված է ասել՝ երրորդ ուժի երևան գալը և այդ ուժի կամ ուժերից կողմից իշխանության ստանձնումը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի բալանսավորված  և հայակենտրոն արտաքին քաղաքականության, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով լուծել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների թնջուկը, վարելով բազմաշերտ արտաքին քաղաքականություն՝ համադրելով աշխարհաքաղաքական վեկտորներ և ոչ թե հակադրելով այդ վեկտորները Հայաստանին: Նշված քաղաքական ուժը կամ ուժերը ի զորու կլինեն բարելավել Հայաստանի անվտանգային համակարգը, որը այս իշխանությունները անհաշվենկատ և պատեհապաշտ արտաքին քաղաքականության հետևանքով լրջագույն ռիսկերի առջև է կանգնած: