Հայաստանում մայիսի 31-ից հունիսի 4-ը գտնվող ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի և Վրաստանի հանրապետությունների ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները Ոստիկանության կրթահամալիրում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և միջազգային գիտագործնական համաժողովին:

 

 

«Հյուրերը շրջեցին մայրաքաղաքում, եղան Էջմիածնի մայր տաճարում և Սևանում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին:
Մինչ սպարտակիադայի մեկնարկը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, ելույթով հանդես եկավ և ներկաներին ողջույնի խոսք հղեց Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանութ յան գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:

 

 

Պատշաճ կերպով հյուրերին դիմավորելուց և միջոցառմանը նախապատրաստվելուց զատ, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը նաև անակնկալ միջոցառումներ էր նախապատրաստել: Բացման արարողությունից անմիջապես հետո կրթահամալիրի տարածքում սաների անմիջական մասնակցությամբ բեմականացվեցին Համբարձման օրը և Վարդավառի տոնակատարությունը խորհրդանշող գեղեցիկ տեսարաններ:

 

 

Այնուհետև ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին կրթահամալիրի տարածքում գտնվող Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

 

 

Հետո արդեն մեկնարկեց ՆԳՆ և Ոստիկանության ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադան: Սեղանի թենիս, շախմատ և ծանրաքարի բարձրացում մարզաձևերում մրցում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ինչպես և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը:

 

 

Առաջնության արդյունքներով սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, երկրորդ տեղում կրթահամալիրի թիմն էր, իսկ երրորդում՝ Վրաստանի ոստիկանները: Շախմատի մրցավեճում առաջինն էր Բելառուսի ՆԳՆ ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, իսկ երրորդում' ՀՀ ոստիկանության կրթահամալիրն էր: Ծանրաքարի բարձրացման մարզաձևում կրկին առաջին տեղը գրավեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, երկրորդում կրթահամալիրն էր, երրորդ տեղը բաժին հասավ Վրաստանի թիմին:

 

 

Ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի թիմը:

 

 

Կրթահամալիրը հյուրընկալել էր նաև «Ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին:

 

 

Համաժողովը ղեկավարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Ելույթներով հանդես եկան Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին նաև ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը, Երևանում Միխայել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի, ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտների, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները:

 

 

Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների և բարեկամության մթնոլորտում:

 

 

Հունիսի 3-ին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը»։