Անտառի, բնության հանդեպ ոտնձգության այս հերթական դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում: 90-ականների առաջին կեսի մութ ու ցուրտ տարիներին Հայաստանի անտառներին ահռելի վնաս պատճառվեց, եթե դա կարելի է հասկանալ, քանի որ շատ մարդիկ գոյության խնդիր էին լուծում, ապա բացարձակապես անընդունելի է հետագայում արդեն շահադիտական նպատակներով անտառի ապօրինի հատումը, որը, ցավոք, մինչև օրս էլ շարունակվում է: Ճիշտ է, ապօրինի հատողների մի չնչին մասին բացահայտում, բռնում են, բայց դա խիստ անբավարար է ապօրինի անտառահատման դեմն առնելու համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Ալիխանյանը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի թիվ 2-րդ պահաբաժնից 2015թ. օգոստոսի 11-ին ապօրինաբար հատել է խոշոր չափի՝ 615 000 դրամ սակագնային արժեքով 3 հատ հաճարենի, 4 հատ կաղնի, 1 հատ լորենի, 2 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 3 075 000 դրամի նյութական վնաս:
Պարզվում է, Խաչատուր Ալիխանյանն ունեցել է արձանագրություն կազմելու լիազորություն, ինչը հայտնի է դառնում այս գործի մյուս դրվագից և հուշում այն մասին է, որ նա անտառապահ է եղել:
Ըստ մեղադրական եզրակացության, Խաչատուր Ալիխանյանը, վերը նշվածից բացի, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2016թ. հունվարի 23-ին իրավապահներին հաղորդում է տվել, որ Արտակ Մարտիրոսյանը 2015թ. ամռանն իրեն առաջարկել է մեկ ավտոմեքենա փայտանյութի դիմաց իր վերաբերյալ կազմել 10 հատ ծառ ապօրինի հատելու մասին կեղծ արձանագրություն, քանի որ ինքը հիվանդ է և չի դատապարտվի, որին համաձայնել և ստորագրել է արձանագրության ներքո:
Վերը նշված արարքների համար Խաչատուր Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի («Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը») 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև և 333-րդ հոդվածի («Սուտ մատնությունը») 1-ին մասի հատկանիշներով: