«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին:

 

 

«Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն' «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:

 

 

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,- ասել է ԱԳՆ-ի մամուլի խոսնակը:

 

 

Հիշեցնենք, որ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել: Հունիսի 2-ի երեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել: «Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվել է 3 հայ, նրանց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։ Վայրկյաններ անց մահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ Վազգեն Ճապաղջուրյանը, Լեւոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։

 

 

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում, ժամը 16:00-ի դրությամբ, չորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը, Լուսին Պարշիքը, Նորա Սարգիսը եւ Կարապետ Խաչոյանը: Սուլեյմանիե թաղամասում արձակված հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թ. ծնված): Մարդկային կորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ: