armnoc.am Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից ճիշտ 60 օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սկսում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ կներկայացնենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և ձեր ուշադրությանը կներկայացնենք մեր օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագիծը սկսում ենք բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող կրտսեր բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանից: Նա առաջինն էր, ով Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում դուրս եկավ 49 կգ քաշայինների եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով իր ուղեգիրը: 20-ամյա Արթուրը ծնունդով գյումրեցի է, համեստ է և զուսպ: Երբ զանգահարեցինք և տեղեկացրինք Արթուրին նախագծի մասին ու խնդրեցինք գալ, վերջինս առանց վարանելու Գյումրուց Երևան եկավ՝ պայմանավորված ժամից 40 րոպե շուտ: Երբ հարցրինք՝ ինչո՞ւ է այսքան շուտ եկել, ասաց, որ չէր ցանկանում ուշանալ: Ձեզ ենք ներկայացնում ճշտապահ Հովհաննիսյանի լուսանկարներն ու ճեպազրույցը:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ես թալիսմաններ չունեմ: Իմ խաչն է ինձ հետ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Հայրիկիս և եղբորս:
-Ու՞մ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
- Ծնողներիս:
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Ուժ, փառք, հաղթանակ:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Չեմպիոնական (ժպտում է):