Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաների մասնակցությամբ կայացավ վարչական շրջանի մանկապարտեզների ավարտական միջոցառումը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ավարտական խմբերի փոքրիկները ներկայացրել են «Տարվա եղանակները» խորագրով գեղարվեստական բեմադրությունը՝ համեմված հայկական տոնացույցի՝ մանուկների կողմից ամենասպասված տոներին անդրադարձով: Այս մասին Mediamall.am-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով. «Կենտրոն վարչական շրջանի արդեն ավանդական դարձած միջոցառմանը փոքրիկների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

 

 

Ազգային, նաև համաշխարհային մշակույթների միաձուլմամբ համերգային ծրագիրը, ծնողների հավաստմամբ, դաստիարակչական և ուսուցողական բնույթ է կրել:

 

 

Միջոցառմանը մասնակից բոլոր 500 փոքրիկները, դպրոցին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել են գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ:

 

 

Հիշեցնենք, որ, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները կստանան ուսումնական իրենց առաջին այդ նվերները: 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով ընդհանուր առմամբ 10.000 պայուսակներն ավարտական-ամփոփիչ հանդեսների շրջանակում կփոխանցվեն ապագա աշակերտներին»։