Դժվար է ասել' համացանցում առկա, ի տարբերություն որոշ երկրների, չարգելափակվող անառակաբարո ֆիլմերի ու տեսանյութերի դիտման հետևա՞նք է ստորև ներկայացվող դեպքը, թե մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք, առանց դրա էլ, սեռական առումով ինչ-որ հոգեկան շեղում ունեն: Այնուամենայնիվ, փաստ է, որ նորմալ մարդը չէր կարող վարվել այնպես, ինչպես, ըստ մեղադրական եզրակացության, վարվել է Համլետ Գրիգորյանը: Այդպիսիններին պետք է ցմահ մեկուսացնել հասարակությունից, սակայն երեխայի կամ 14 տարեկանը չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման առավելագույն պատժաչափը 15 տարին է: Երեսփոխաններ, ժամանակն է նշված պատժաչափը փոխելու:
Անկեղծ ասած, դժվար է այս գործին կամ կատարվածին ծանոթանալ առանց զայրույթի: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Համլետ Գրիգորյանը 2015թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակահատվածում (քննությամբ չպարզված օրը) իրենց հարևանությամբ բնակվող, 14 տարին չլրացած' 01.11.2009թ. նոյեմբերի 1-ին ծնված Է. Ավագյանի, այսինքն' դեռ 6 տարեկանը չլրացած աղջնակի անօգնական վիճակն օգտագործելով, նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, Հ. Գրիգորյանը համոզված լինելով, որ իր հանցավոր գործողությունների բնույթն և նշանակությունը մանկահասակության պատճառով Է. Ավագյանը չի գիտակցում, հետևապես նաև չի գիտակցում նաև դիմադրելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, մանրադրամ խոստանալով շահագրգռել է և կանչել իրենց բակ, այնուհետև տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ, աղջնակին համոզել կատարել որոշակի գործողություններ, որոնք Է. Ավագյանը կատարել է, և որոնք, սակայն, ՀՀ քր. օր.-ի բնորոշմամբ, համարվում են սեքսուալ բնույթի գործողություններ' հաշվի առնելով տուժողի տարիքը և անօգնական վիճակը:
Չբավարարվելով վերը նշվածով, Հ. Գրիգորյանը նույն ժամանակահատվածում կրկին վարվել է նույն կերպ' այս անգամ արդեն տալով մանրադրամը, բայց և առավել առաջ գնալով իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու առումով: Համաձայն քր. գործի նյութերի, նա հիշյալ ժամանակահատվածում ևս մեկ օր վարվել է նույն կերպ, երկու անգամ էլ' 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամանակահատվածում:
Վերը նշված արարքի համար Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 14 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Հ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հաստատվեց, ապա քրեակատարողական հիմնարկում ոչ երանի նրան…
Արթուր Հովհաննիսյան