Կենսաթոշակառու Կոստանդ Մելքումյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երրորդ մասով նրան առաջադրված մեղադրանքով նախատեսվում է պատիժ՝ 8-15 տարվա ազատազրկման ձևով, այսինքն՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը' դատավոր Ա. Վրդապետյանի նախագահությամբ, նշանակել է հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ:

Պատիժ նշանակելիս դատարանը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Թեև գործում առկա է նաև նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝ հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սթափության վիճակի զննության արձանագրությամբ՝ 28.09.2012թ. Կոստանդ Մելքումյանի մոտ արձանագրվել է 1.39% ալկոհոլային հարբածություն:

Ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, առաջ քաշել կատարվածի սեփական վարկածը՝ մեղքը փաստորեն բարդելով իր զոհի վրա: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Կոստանդ Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին' ժամը 11:00-ի սահմաններում, իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ' անչափահաս եղբայրներին, նրանցից մեկին զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով, իսկ մյուսին՝ կրտսերին, վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով, խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ նրա նկատմամբ բռնության գործադրմամբ ու կյանքին վերջ տալու սպառնալիքով՝ անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է արել, որոնք դադարեցրել է միայն գործողություններին ականատես դարձած անչափահասի եղբոր՝ ննջարան մտնելու պայմաններում:

Մինչդեռ, ըստ ամբաստանյալի՝ ինքը առաջարկել է անչափահաս եղբայրներին իջնել նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Իրենք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին' նրանք կցանկանան խմել, թե՝ ոչ: Տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է, թե՝ ոչ, ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը տուժողի եղբորն առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները: Ինքը տուժողի հետ գնացել է ննջասենյակ ' այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունները տարեցը պատճառաբանել է միջանցքի նեղ լինելով, անչափահասի գործողություններով. տեսնելով վերանորոգումը, անչափահասն սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ, ավելին՝ ինքը կատարել է անչափահասի կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Անչափահասի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն տրվել, ուստի՝ ինքը համաձայն չէ իրեն առաջադրած մեղադրանքի հետ:

Ըստ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս նրա իսկ ցուցմունքներով՝ ինքն առաջարկել է անչափահասներին իջնել շենքի նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել, դուրս բերել գունավոր մետաղները, որոնք ինքը պետք է տար եղբայրներին՝ հանձնելու և գումար ձեռք բերելու նպատակով: Եղբայրների համաձայնելուց հետո իջել են նկուղ, որտեղ իր հետ իջեցրել է նաև մեկ շիշ օղի: Նկուղում որոշել է մեկ բաժակ օղի խմել և դա առաջարկել է նաև եղբայրներին, տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողն իր հետ խմել է մեկ և կես բաժակ: Ապա ավելի ուշ «իր համար անհիշելի պայմաններում» կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ' վերջինիս մայրը, դատարանին գրավոր դիմումում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում իր որդու ցուցմունքն այն մասին, թե «իբր Կ.Մելքումյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել»: Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն իր որդին հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե իբր Կ.Մելքումյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Համոզված է, որ Կ.Մելքումյանը զղջացել է իր արարքի համար և նրա նկատմամբ բողոք չունի:

Անչափահաս տուժողը ցուցմունք է տվել առ այն, որ ինքը ալկոհոլից թուլացած է եղել և չի հասկացել, թե ինչ է կատարվում: Ըստ տուժողի՝ ինքը, եղբորից վախենալով, նրան պատմել է, որ Կոստանդը իրեն սպառնացել է, ասել, որ կսպանի և բռնել է իր կոկորդից, միաժամանակ խնդրել է այդ մասին իրենց մայրիկին չպատմել: Երբ տուն են գնացել, ինքը սկսել է լաց լինել և մանրամասն պատմել է եղբորը, իսկ եղբայրն էլ իր պատմածով պատմել է մայրիկին: Հետագայում հասկացել է այդ արարքի ամոթալի լինելը, դրա համար էլ խաբել է և ասել, որ Կոստանդը բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչել նաև մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ 15.03.2013թ. որոշմամբ ամբաստանյալ Կ.Մելքումյանին նախկինում առաջադրած մեղադրանքի փոփոխված, լրացված և նույն հոդվածով առաջադրված նոր մեղադրանքում: Ըստ այդմ, մասնավորապես, ամբաստանյալն առաջարկել է խմել օղի, տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է մեկ բաժակ օղի, ինչի հետևանքով թուլացել է և չի հասկացել թե ինչ է կատարվում իր հետ: Այնուհետև կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով անչափահասին խաբեությամբ տարել է ննջարան, անչափահասի ոտքերը օգտագործված ալկոհոլի ազդեցության տակ թուլացել են և ամբաստանյալն անչափահասի կամքին հակառակ, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ:

Դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Կոստանդ Մելքումյանի մեղավորությունը՝ իր մասնակի խոստովանական, անչափահաս տուժողի ցուցմունքներով, դատաքննության ընթացքում հետազոտված գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Կ.Մելքումյանի և նրա պաշտպան Ժ.Խաչատրյանի' ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, վերաորակելու մասին միջնորդությունը: Վերջինս նախատեսում է շատ ավելի մեղմ պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում' առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոնշվածից՝ դատարանը Կոստանդ Մելքումյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝ մեկամսյա ժամկետում:

Հեղինակ:
«Փաստինֆո»