Երևանում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցվել է, քանի որ նա հայ ազգի հերոսն է: Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Մասնավորապես, Զախարովան ասել է, թե իրենց համար անհասկանալի է, թե ինչու է Երևանում տեղադրվել Գարեգին Նժդեհի արձանը: «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է այդ արձանը կանգնեցվել, քանի որ մենք շատ լավ գիտենք Հայրենական մեծ պատերազմում հայ ազգի անմահ սխրանքի մասին»,-ասել է Զաքարովան:

 

 

«Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, ինչպես Ալեքսանդր Նյևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը եղբայրական ռուսական ժողովրդի հերոսներն են: Որպես պատմաբան՝ ուզում եմ շեշտել, որ Գարեգին Նժդեհը ոչ մի կապ չի ունեցել ֆաշիզմի ու նացիզմի հետ: Գարեգին Նժդեհը ողջ կյանքում պայքարել է Հայաստանի ազատության համար: Նժդեհը նացիստ չէ, նա հայ ժողովրդի հայրենասեր զավակն է, և այդ հարցի շահարկումը անխոհեմ և անընդունելի է»,-ասել է Շարմազանովը:

 

 

Նա հիշեցրել է, որ 1939 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարը ստորագրել է խորհրդա-գերմանական չհարձակման պայմանագիր, բայց ոչ ոք նրան ֆաշիստ և ազգայնական չի համարում: «Բոլորը գիտակցում են, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է ԽՍՀՄ-ի ու խորհրդային ժողովրդի շահերի համար, որպեսզի կանխարգելվեր ֆաշիստական Գերմանիայի հնարավոր հարձակումը: Նույնը եղել է նաև Նժդեհի դեպքում, նա համագործակցել է Գերմանիայի հետ, որ Գերմանիայի հաղթանակի դեպքում կանխարգելեր Բեռլինի գործընկեր Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»,-նշել է ԱԺ փոխխոսնակը:

 

 

Զախարովան հայտարարել է նաև, որ Հայաստանի վերաբերմունքը մայիսի 9-ի տոնին Մոսկվայի համար Երևանի պաշտոնական դիրքորոշման հիմնական ցուցիչն է Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանման հարցում:

 

 

«Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավանդական հռչակագրի համահեղինակների շարքում է: Այն հնչում է, որպես «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային նպաստող պրակտիկայի այլ տեսակների հերոսացման դեմ» հռչակագիր: Բացի այդ՝ այդ հռչակագրի ընդունումից հետո Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց հայկական պատվիրակության կողմից է հնչեցվել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը այս նախաձեռնության պաշտպան ության օգտին»,- ասել է նա: