Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հոռետեսորեն է գնահատում Սիրիայում խաղաղության ուղիներ գտնելու հեռանկարները: Այս տեսակետը նա հայտնել է հունիսի 12-ին SonntagsBlick շվեյցարական թերթում հրապարակված հարցազրույցում:
«Դինամիկան, ընդհանուր առմամբ, ցույց չի տալիս, որ պատերազմը կարող է շուտ ավարտվել»,- նշել է նա' ուշադրություն դարձնելով Ժնեւի բանակցությունների դժվարին ընթացքի վրա: ԿԽՄԿ-ի նախագահի կարծիքով՝ փետրվարի 27-ից Սիրիայում գործող հրադադարի ռեժիմը միայն մասնակի արդյունք է տվել: «Այդ հրադադարը բնավ էլ այդպիսին չի եղել: Ես այն գնահատում եմ որպես մարտական գործողությունների մասնակի դադարեցում»,- ընդգծել է նա:
Մաուրերի խոսքով՝ այդ ռեժիմի ուժի մեջ մտնելը հույս ներշնչեց սիրիացիներին, սակայն «անհրաժեշտ է այլ որակի հրադադար եւ հաշտության բանակցություններ»: Ինչպես ընդգծել է Կարմիր խաչի նախագահը, իր կազմակերպությունը մեծ դժվարությունների է բախվում Սիրիայում հումանիտար գործողություններ իրականացնելիս: «Երկրի ենթակառուցվածքը խիստ տուժել է: Դա է հավանաբար այն պատճառներից մեկը, թե ինչու սիրիական հակամարտությունը բերեց բնակչության այդչափ մեծ տեղահանման»,- ասել է Փիթեր Մաուրերը:
Միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնեւում ապրիլին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունիսի 9-ին հայտարարել է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների հերթական փուլի անցկացման ժամանակը դեռ չի եկել: «Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլի ժամանակը դեռ չի եկել»,- ասել է Պան Գի Մունը՝ ընդգծելով, որ ինքն այդ հարցում համերաշխ է Սիրիայի խնդրով իր հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ: «Մենք չենք ցանկանում բանակցություններ անցկացնել հանուն միայն բանակցությունների»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ Պան Գի Մունը հայտարարել է մինչեւ օգոստոսի սկիզբը՝ Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների կողմից սահմանված ժամկետը, կոնսուլտացիաների նոր փուլի անկցացումն ապահովելու անհրաժեշտությունը: «Մինչ այդ մենք պետք է առնվազն սկսենք լուրջ համաձայնագրի մշակումը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: