Սիրիայի հետագա ճակատագրի հարցով հերթական բանակցությունները կանցկացվեն շաբաթավերջին, սակայն համաձայնեցնել խաղաղության ծրագիրը, որը կգոհացնի բոլոր կողմերին, չափազանց դժվար կլինի, գրում է The Independent-ը:
Պարբերականը նշում է, որ այն երկրները, որոնք մասնակցելու են Վիեննայում կայանալիք հանդիպմանը, բաժանվում են երեք տեսակի. Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները, որոնք ներառում են Ռուսաստանն ու Իրանը, նրա հակառակորդները՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ինչպես նաև նրանք, ովքեր գտնվում են այդ երկու բևեռների մեջտեղում, օրինակ, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն:
Հարցն այն է, թե ինչքանով ճկուն կլինի Ռուսաստանի դիրքորոշումն առաջիկա բանակցություններին: Հաղորդվում է, որ Մոսկվայի ծրագիրը ներառում է Սիրիայի սահմանադրության ստեղծումն առաջիկա 18 ամսվա ընթացքում, և նախագահական ընտրությունների անցկացում: Միևնույն ժամանակ, չի խոսվում Ասադի հրաժարականի մասին, սակայն պահանջ է դրվում, որպեսզի Սիրիայի առաջնորդը ճնշում չգործադրի կառավարության փոփոխությունների գործընթացի վրա:
Պարբերականը նշում է, որ քաղաքացիական պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Սիրիայի նախագահը մնալու է իր պաշտոնում: Հեղինակն իրադարձությունների զարգացման երկու սցենար է դիտարկում. կամ Ռուսաստանը շարունակելու է աջակցել ներկայիս նախագահին և կուժեղացնի իր օդային հարվածները, կամ ԱՄՆ կմիջամտի և վերջ կդնի երկրում տիրող ռազմական գործողություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ընդդիմությունը հավանություն չի տալիս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ծրագրերին: