ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ' բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը. Նրանք մեղադրվում են ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու մեջ։
ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է. «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես.
- Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար,
- հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը),
- նշանակվել են մի շարք փորձաքննություններ,
- կատարվել են վկաների, ինչպես նաև տուժողի լրացուցիչ հարցաքննություններ,
2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ' բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է»: