Կոտայքի մարզում փետրվարի 24-ին տեղի ունեցած սպանությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համալիր և բազմակողմանի միջոցառումների արդյունքում հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 24-ին Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվել է, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։
Հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսել են համատեղ աշխատանքը՝ ձեռնարկելով համալիր ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել են ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկել երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվել են։ Լոռու մարզում ապրող 35 և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 2-ին նրանք կալանավորվել են։
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։