Իրավապահ մարմինները ոչնչացրել են 8 անհայտ անձի, ովքեր կրակ էին արձակել ոստիկանների ուղղությամբ Մեքսիկայի հյուսիսարևելյան Տամաուլիպաս նահանգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Սան-Ֆերնանդոյի քաղաքապետարանում:
Իշխանությունների տվյալներով՝ բեռնատարերով մոտեցած զինված անձանց խումբը հարձակվել է ոստիկանների վրա՝ նրանց վրա կրակ բացելով: Ոստիկանները պատասխան կրակ են բացել. փոխհրաձգության արդյունքում հարձակվողները սպանվել են: Ինչպես հայտնել է ոստիկանությունը, տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է 6 հրացան, ատրճանակ և նռնականետ: Իշխանությունները դեռ չեն հաստատել հարձակվողների ինքնությունը:
Տամաուլիպաս նահանգը համարվում է Միացյալ Նահանգների ուղղությամբ թմրամիջոցներ մատակարարող մեքսիկական երկու հզոր կարտելների հակամարտության ասպարեզը: