armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն է (66 կգ): Նա ծնվել է 1989 թվականին Էջմիածնում: Ըմբիշը բնակվում է Մոսկվայում և մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ: Ռիոյի Օլիմպիական խաղերը նրա համար առաջինն են լինելու:
Հենց Միհրան Հարությունյանն էր, ով Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում նվաճեց Հայաստանի միակ արծաթե մեդալը: Քչերը գիտեն, որ Հարությունյանը նաև լավ երգում և լուսանկարում է, իսկ իր ամենասիրելի քաղաքը հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է: Երբ լուսանկարում էինք Միհրանին, նա իր հետ հատուկ բերել էր Էջմիածնի դրոշը, որն իր հետ է յուրաքանչյուր մրցաշարի և հավաքի ժամանակ: Նրա համար կյանքի ամենամեծ հաղթանակը աղջիկն է՝ Մոնիկան:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
- Համազգեստս և մարզակոշիկներս: Դրանք ինձ հաղթանակի համար անհրաժեշտ են (ծիծաղում է):
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Իմ եղբորը՝ Տիգրանին:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Հայաստանի:
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Արագ, բարձր, ուժեղ (Citius, Altius,Fortius):
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Հաղթական: