armnoc.am  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Նախածգի հաջորդ հերոսը աթլետիկայի Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ արգելավազորդ Լիլիթ Հարությունյանն է: Նա ծնվել է 1993 թվականին Գյումրի քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից: Լիլիթն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ, բայց օրեր անց միայն հաստատվեց նրա մասնակցության իրավունքը: Անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերի ընթացքում մենք առաջին անգամ արգելավազորդ կունենանք:

Հարությունյանի անձնական մարզիչները ամուսինն ու սկեսուրն են: Մեր նկարահանումների ընթացքում Լիլիթին ուղեկցում էր ամուսինը, ով նույնպես աթլետիկայով է զբաղվել, սակայն հեռացել է մեծ սպորտից՝ աղջկան խնամելու համար, որպեսզի Լիլիթը շարունակի իր մարզական կարիերան:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Իմ թալիսմանն ամուսնական մատանին է:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Շատ կցանկանայի, որ աղջիկս և ամուսինս լինեին այնտեղ:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Հպարտություն, երազանք, մարզիկների միասնության խորհրդանիշ:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Նրանց հետ, ովքեր այդ պահին կողքիս կլինեն:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Լավ մասնակցությամբ: