«Գիրքն իմ չորրորդ զավակն է»-ասում է ԱԵԳՄՄ առողջապահական միության նախագահ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ավետիս Ավետիսյանը, ում հեղինակած «Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս» գրքի շնորհանդեսը կայացավ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Ամենաերկար նամակը հեղինակն ուղղել է նախ իր երեք որդիներին, ապա բոլոր զավակներին ու ծնողներին.
«Ես Արցախում ծառայության մեջ էի, ինձ այցելության էր եկել շատ մտերիմ ընկերս՝ Ավետիք Հարությունյանը, հոսպիտալի բակում զբոսնում էինք, մտածում էինք բացի գիտությունից, էլ ինչ նախագիծ կարող ենք սկսել միասին: Որոշեցինք միասին գիրք գրել, հետո ցավոք նրա ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց գրքով զբաղվել: Մենք խոսում էինք մեր երեխաների մասին, և որոշեցինք նրանց թողնել գրավոր ժառանգություն, որտեղ կգրվի այն ամենը, որը գուցե չենք հասցնի ասել նրանց: Նամակը իմ որդիներին է ուղղված, բայց յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն հարազատ մտքեր, տողեր, որովհետև գրքում ծնող-զավակ հարաբերությունների ու առհասարակ մարդկային հարաբերությունների մասին եմ խոսել»:
Գրքի ստեղծման ընթացքին հեռվից հետևած Մելինե Թովմասյանը, ով Ավետիս Ավետիսյանի կինն է, պատմում է, որ, երբ Արցախում էին ապրում, աշխատում էին նույն սենյակում և ինչ-որ պահից սկսած՝ ամուսինն ամեն հիվանդ այցելուից հետո թուղթ գրիչ էր վերցնում, կարճ մտքեր գրում ու պահում:
«Այդ ժամանակ ոչ ոք դեռ չգիտեր, որ այդ մտքերը մի ամբողջ գիրք են դառնալու: Մի օր եկավ տուն՝ մեծ կապոց թղթերով ու սկսեց ընթերցել ինձ համար: Ըստ կնոջ՝ հեղինակի խոստացած լույսը ամեն ընթերցողի համար տարբեր կարող է լինել: Իր և սիրելի ամուսնու համար լույսը ներդաշնակությունն է, իսկ գրքում տիեզերական լույս կարող է գտնել ամեն ընթերցող, լույս, որ պահված է տիեզերքում յուրաքանչյուրիս համար»:
Գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիներ շարունակ հավաքագրած մտքերը, համաշխարհային գրականության՝ իրեն դուր եկած հատվածներն ու տողերը: Դրանց կողքին ընթերցողը կարող է ծանոթանալ հենց հեղինակի գրչին պատկանող քառյակների, աֆորիզմների, պատգամների:
«Իմ ուսումնասիրած գրականությունից ես ծաղկաքաղ եմ արել ու տարիներ շարունակ իմ հավաքագրած մտքերը զետեղել եմ մի գրքի մեջ: Գրքում ես մարդ տեսակի այնպիսի նշաձող եմ սահմանել, որ դրանից ցածր երբեք չհավակնի իմ զավակն ու իմ ընթերցողը»:
Ավետիսյանի ամենասիրելի տողերը, որոնք տեղ են գտել գրքում, իր որդիներին ուղղված խոսքն է.
Տուր ինձ ձեռքդ, երբեմնի փոքրիկ,
Թույլ տուր սեղմել այն՝ որպես տղամարդ,
Թույլ տուր հիանալ քեզնով, կանգնել կողքիդ,
Քանզի դու հավակնում ես դառնալ համաշխարհային մարդ:
Համաշխարհային մարդ դառնալու հարցում հեղինակն օգնում է իր ընթերցողին. «Գիրքն ընթերցողը ճանապարհ է անցնում, որի ավարտին նա մեծ շանսեր ունի համաշխարհային մարդ դառնալու: Գրքի վերջում գրում եմ՝ Քանզի դու դարձար համաշխարհային մարդ»:
Արցախում ապրելու և ծառայելու ընթացքում է գիրք գրելու միտքը ծնվել, և Ավետիսյանը դեմ չէ այն մտքին, որ Արցախն է իրեն գրելու տաղանդ շնորհել. «Այդ կախարդական հողն է ինձ բերել գիրք գրելու լուսավորությունը»:
Հեղինակը խորհուրդ է տալիս կարդալ գիրքն ու ստանալ իր խորհուրդները, զրուցել իր հետ, նույնիսկ, երբ ինքը ներկա չի լինի. «Գիրքն ընթերցողն ամեն անգամ հնարավորություն կունենա ինձ հետ ցրուցել, երբ ես ներկա չեմ լինի: Կճանաչի ինձ ամեն անգամ, կճանաչի նաև ինքն իրեն»:
«Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս» գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում: