Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հրապարակել է «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նաեւ ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի, համաշխարհային հայտնիություն վայելող «System Of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի ուղեկցությամբ Արցախ կատարած այցի մասին։
«Մենք քեզ թույլ չենք տա գնալ։ Մեր տղամարդիկ ու կանայք զինված ուժերում, մեր քաղաքացիական բնակչությունը, կանայք, երեխաները, ծերունիները այդ հողի լեգալ իրավունքն ունեն։ Ոչ, սա նացիոնալիզմ չէ, սա բնիկ ժողովրդի՝ սեփական ժառանգությունը, մշակույթն ու հողը պաշտպանելու իրավունքն է»,- գրել է Արսինեն։
Ռեժիսոր Սեդա Գրիգորյանի ժապավենում, որը նկարահանվել է 2016-2017թթ., ներկայացված է Խանջյանի զրույցը մարդկանց հետ. «Ինձ համար շատ կարեւոր էր զրուցել գյուղում ու քաղաքում ապրող հայի հետ, լսել նրա մտահոգությունները, հասկանալ խնդիրները։ Մենք Հայաստանի շրջաններ ենք այցելել, հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, արձանագրել մեր տեսած իրականությունը։ Մենք շարունակեցինք մեր ճանապարհորդությունը Արցախ, ուր հոգեկան հանգստություն գտանք արցախցի մշակութային գործիչների եւ զինվորներ-սահմանապահների հետ»։ Ֆիլմը բազմաթիվ կինոփառատոնների է մասնակցել, Տորոնտոյում «Նուռ» փառատոնի ընթացքում մրցանակ է ստացել լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ժանրում։