armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ մարզիկը աթլետ Լևոն Աղասյանն է (եռացատկ): Նա ծնվել է 1995 թվականին Կապան քաղաքում: Աղասյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Մարզադաշտում ներկաները կենտրոնացած էին Լևոնի վրա և ինչ-որ տեղ նաև համոզված, որ այս անգամ Աղասյանը կկարողանա ցատկել այնքան, որքան պետք է օլիմպիական նորմատիվ լրացնելու և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:
Երբ մարզիչների հետ խոսում էինք Լևոնի մասին, բոլորը միաբերան ասացին, որ եռացատկորդը շատ աշխատասեր է, նպատակասլաց և գիտի, որ մեծ արդյունքների համար քրտնաջան աշխատանք է պետք: Մեր նկարահանումների ժամանակ Աղասյանը մեծ համբերությամբ ձգտում էլ լավ «կադր ստանալ»: Զրույցի ընթացքում մենք մեզ համար բացահայտեցինք, որ Աղասյանը շատ է սիրում գրքեր կարդալ և ինքնակատարելագործման մեծ ձգտում ունի:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Անկեղծ ասած, ոչ, չունեմ, քանի որ փոքր ժամանակ, երբ ասում էին, որ պետք խաչ կամ մեկ այլ բան կրես: Չէի հավատում, բայց փորձեցի: Տեսա, որ ոչինչ էլ չեղավ, դրա համար էլ այլևս ոչինչ չեմ պահում ինձ մոտ որպես թալիսման: Միշտ համոզել եմ ինձ, որ պետք չէ ինչ-որ իր ունենալ, որից կախված լինի իմ հաջողությունը:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Հանդեսատեսի մեջ կցանկանալի տեսնել մայրիկիս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Կիրք, հաջողություն և աշխատասիրություն:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Կցանկանայի, որ Ռիոյի Օլիմպիական խաղերը հիշվեն, որպես ուժեղ պայքարով լի մրցաշար, որն ինձ օգնեց բարելավելու իմ արդյունքը: Թող Ռիոն լինի մի նոր աստիճան՝ ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Մայրիկիս հետ կցանկանայի կիսել հաջողությունս: