Երևանում կառուցված ու գործող «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Ցականովի կարծիքով, իրենք ճիշտ ճանապարհի վրա են:
«Մենք սկսել ենք, և ամենակարևորը' չպետք է կանգնենք, այս դինամիկան պետք է շարունակենք, աշխատանքները պետք է շարունակական լինեն, պետք է գնալ ամեն անգամ նոր ծրագրով,- ասաց անվանի գիտնականը:
- Ես մի օրինակ բերեմ' հադրոնային մեծ կոլայդերն ունեցող Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը (CERN) եթե մեկ օր նոր ծրագիր չմշակի, նոր առաջարկով դուրս չկա, կփակեն CERN-ը: Այո, Հիգսի բոզոնը կամ «Աստծո մասնիկը» ստացան, բայց եթե հիմա իրենք չզարգանան, գումարներ չդնեն զարգացման համար, պարզապես կփակվեն: Գիտության առաջընթացը մեզ համար պետք է սովորական լինի: Վարչապետին ես ասացի' դուք պատկերացրեք նույն «ԱյԲիԷմը» կամ «Ինտելը» եթե նոր համակարգիչներ չստեղծեն, կփակվեն: Գիտությունը զարգացող բնագավառ է… Ես վստահ եմ և այդ մասին ասել եմ երկրի ղեկավարությանը' եթե դուք նորմալ գումարներ դնեք ընդհանուր գիտության մեջ, ապա մի քանի տարի հետո կտեսնեք, որ երկիրը լրիվ փոխվեց: Դրա համար պետք չէ ասել' ինչքան փող ես աշխատել կամ մեր փունջն ինչու չենք ծախում»:
Ըստ Վասիլի Ցականովի, գիտության զարգացման համար, եթե ուզում ենք գիտնականն արդյունք տա, պետք է ստեղծենք, ունենանք գիտական ժամանակակից ինֆրակառուցվածք: Օրինակ, եթե ուզում ենք ունենալ ֆուտբոլային լավ թիմ, դրա համար պետք է նաև ֆուտբոլի դաշտեր պատրաստենք: Աշխարհում հայտնի բան է' միջոցների ամենից հուսալի ներդրումը դա գիտական ինֆրակառուցվածքն է, այն չի ենթարկվում տարբեր ճգնաժամերի ազդեցությանը և երկարատև ապահովում է երկրի զարգացումը: