«Համախմբում» կուսակցությունը հիմնադիր համագումար գումարեց, որի ընթացքում ձայների մեծամասնությամբ կուսակցության նախագահ ընտրվեց ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը, փոխնախագահներ' ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ ԱÔ º Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Վարդան Օսկանյանը ներկայացրեց կուսակցության տեսլականը եւ տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց, նրա խոսքով, լուծում է տրվելու: «Մենք լինելու ենք բաց եւ թափանցիկ: Մենք ներգրավելու ենք բոլորին, հատկապես երիտասարդությանը, կանանց, ապահովելու ենք սերնդափոխությունը: Այս ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ անխտիր' քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ: Այս կուսակցությունը կուսակցություն է այնքանով, որքանով օրենքի պահանջն է»,-ասաց նա:
Կուսակցության վարչության կազմում ընդգրկված են 16 անձ, որոնց թվում են' «Արաբո» ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը եւ այլք:
Կարեն Անդրեասյանը վստահություն հայտնեց, որ կուսակցությունը առանցքային դեր կստանձնի: «Կուսակցության նախաձեռնող կազմը վերջին տարիներին դրսեւորել է կարծր սկզբունքային դիրքորոշում եւ այդ տարիներին, որ ես եմ հետեւել ակտիվ քաղաքականությանը, դրական զարգացումներ եմ տեսել նրանց աշխատանքում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Անդրեասյանը: