Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:
Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին և շնորհավորեցին Խաչատուրյանին: Այնուհետև Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:
Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածության հարցի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը չեն մասնակցել:
Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել, նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 81 կողմ ձայն: Այսպիսով' անցկացվել էր ընտրության երկրորդ փուլ, որում ընտրվելու համար բավարար էր 64 կողմ ձայնը: