Բոլորիս է հայտնի այն ճշմարտությունը, որ Հայստանում բարձրագույն կրթությունը վաղուց վերածվել է ձևական մի բանի: Շատերը մասնագիտության ընտրությունը կատարում են' ոչ թե բացառապես սեփական էնտուզիազմից կամ ունեցած նախասիրություններից ելնելով, այլ պարզապես ինչ-որ «թղթի կտոր» ձեռք բերելու նպատակով' հաստատ վստահ լինելով, սակայն, որաշխատանք գտնելիս մասնագիտական ուղղվածության վերաբերյալ հարցը վերջինն է լինելու, որին ստիպված են լինելու պատասխանել:


խնդիրն այս հատկապես սուր է արտահայտված երկրի պետական կառույցներում, ուր, մեծագույն ցանկության դեպքում անգամ, դժվարությամբ կարող ես գտնել կադրերի, որոնք աշխատում են հենց այն մասնագիտությամբ, որին տիրապետում են, քանի որ պետական օղակներում աշխատանքի անցնելու համար շատ հաճախ պետք է լինում ոչ թե համապատասխան կրթական ցենզ, այլ «թափով» ծանոթ ու համապատասխան չափի «մաղարիչ», առանց որի մեր երկրում անգամ «Հարվարդ» կամ «Սորբոն» ավարտածները ստիպված են լինում կա՛մ ստանալ գործազուրկի կարգավիճակ, կա՛մ, լավագույն դեպքում, անցնել աշխատանքի մասնավոր ոլորտում:


Ասում են' հրազդանի ղաքաքապետարանում մի նոր սկանդալ է հասունանում' կապված հենց վերոհիշյալ խնդրի հետ: ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել իրականացնել Արամ Դանիելյանի ենթակաների շրջանում' պարզելու համար' արդյոք նրանց կրթական ցենզը համապատասխանո՞ւմ է այն պաշտոնին, որն իրենք զբաղեցնում են, թե՞, այնուամենայնիվ, քաղաքապետարանը մեծամասամբ համալրված է դիլետանտներով: Զլմն-երից մեկն անգամ փորձ էր կատարել հարցի հետ կապված ճշտող պարզաբանումներ ստանալ Հրազդանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետից, ինչը, սակայն, չի հաջողվել, իսկ ստացած պաասխանն էլ եղել է բավական կոշտ:

 

Թե հատկապես կոնկրետ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ԱԱԾ-ի դրսևորած հետաքրքրասիրությունը Դանիելյանի ղեկավարած պետական օղակի նկատմամբ՝ միայն կռահել կարելի է: Չի բացառվում, որ ԱԱԾ-ն տեղեկություններ ունի, որ Դանիելյանը սույն պետական հաստատությունը' քաղաքապետարանը, վերածել է սեփական «դուքանի» ու մարդկանց աշխատանքի ընդունելիս հաշվի է առնում ոչ թե նրանց կրթությունը, այլ վերոհիշյալ հանգամանքները' ծանոթի առկայությունն ու համապատասխան չափի «մաղարիչ» տալու ընդունակությունը:


Ինչ խոսք' խնդիրն այս թեև սուր է արտահայտված հատկապես Հրազդանում, բայց կարծել, թե, ասենք, նույն քաղաքամայր Երևանում գտնվող պետական օղակների աշխատակիցները լիովին համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին, միամտություն կլիներ, քանի որկոռուպցիան ու կաշառատվությունը համահանրապետական երևույթ է, ու եթե պետությունը ցանկանում է բեկում մտցնել սույն խնդրում, ուրեմն' պետք է հավասար վերաբերմունքի արժանացնի բոլոր պետական օղակներնն ու չսահմանափակվի բացառապես Հրազդանով. ախտը համատարած է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ