ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 18-ին ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրույնին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ-ի լրատվության ծառայությունից: 

 

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և այցի ընթացքում բելգիացի խորհրդարանականին ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

 

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ անցյալ տարվա սեպտեմբերից բելգիացի խորհրդարանականների հետ շփումներն ակտիվացել են, ինչը լավ հիմքեր է ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

 

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել եվրոպացի պատգամավորի՝ Արցախ այցելելու և ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու որոշումը:

 

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի պատմությանը և ներկայիս զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է ղարաբաղյան հիմնախնդրի էության և բանակցային ձևաչափի նենգափոխմամբ, այդ ջանքերն առայսօր արդյունք չեն տվել:

 

«Մեր գործընկերները պետք է հասկանան, որ Արցախի միջազգային ճանաչումը նրա ժողովրդի համար կյանքի իրավունքի ամրագրում է», – նշել է Աշոտ Ղուլյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պիտ դե Բրույնը իր հերթին հետաքրքվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին ամիսների գործունեությամբ, ինչպես նաև Արցախի խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանն ու միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերով:

 

Նշենք, որ նախօրեին Արցախ ժամանած Բելգիայի Սենատի պատգամավորն այսօր առավոտյան այցելել է Մարտակերտ, հանդիպել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանին, ապա մեկնել Թալիշ և ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: