ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրերի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ երիտասարդների: Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ներկայացնում էին ԱՄՆ-ի, Լիբանանի, Ավստրիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Բուլղարիայի և Սիրիայի հայ համայնքները։
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց ՀԲԸՄ հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ինչպես նաև կարևորեց Արցախ այցելող սփյուռքահայ երիտասարդների դերը, ովքեր հնարավորություն ունեն ճիշտ և լիարժեք տեղեկատվություն տարածել արտերկրում։
Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները ԼՂՀ ԱԺ նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին Արցախի կյանքի տարբեր բնագավառներին:
Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանօրինակ ծրագրերին ու երիտասարդական նախաձեռնություններին։